Սերժ Սարգսյանի դեպքում գործ ունենք բավականին բարդ, ուրույն միքսի հետ` թե հոգևոր, թե քաղաքական, թե մարդկային նկարագրի առումով: Ինչն առաջին հայացքից չես ասի. նրա լուռ տեսակն աննկատ է անչափ:
ՈՒ որքան էլ փորձես «ջարդել» իրեն` մեջը նայելու համար, խորքին չես հասնի. պաշտպանիչ շերտերն ու անցումները խիստ իրարամերժ են: Գալիս է սովետի խորքից` խաղի տիրապետման մեծ ամպլիտուդով, տախտակ շարելու լուրջ հմտությամբ (ծավալային առումով Բժեզինսկի չէ, սակայն ինտուիտիվ` կարող է տախտակի վրա լուրջ հետ-առաջ կազմակերպել, քանդել-հավաքել). նորանկախ Հայաստանի բոլոր զարգացումներում առկա է նրա առանցքային ներկայությունը, որը հասավ մինչեւ 2018-ի գունավոր հեղափոխության ամենակուլ ծալքեր. ջրբաժան, որը սրի նման անցավ հայոց սրտի միջով:
Ղարաբաղն ու Հայաստանը հետ-առաջ անելու` երկուսին էլ չվնասելու գերխնդրը, տարածաշրջանը, Իրանի, պանթուրքիզմի, դեպ Կենտրոնական Ասիա-Չինաստան ծրագրի բաղադրիչները ստիպեցին Սերժին լուռ` անցնցում, խաղը կիսատ թողած` հետ քաշվել, Լևոն Տեր-Պետրոսյանի նման կարծելով` վերադարձն անխուսափելի է, որովհետև հարցը` Ղարաբաղի, բաց է, այն լուծելու ընդունակները` սակավ, խնդիրը, իր բազմաբարդությամբ, միջազգային դավադիր պլանայնությամբ, այնուհանդերձ, ոչ Նիկոլի «բոյով»:
ՈՒ մեծ պրագրամիստը մանտրայի նման անվերջ կրկնում էր` Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու ու… բոլորիս նման սպասում` Արցախյան զարգացումներին` ճիշտ տեղում, ճիշտ պահին, ճիշտ քայլն անելու համար:
Նա իշխանությունը խաղաղ` անկորուստ, առանց մեկ կաթիլ արյան հանձնել էր այնպիսի բազմագլուխ հրեշի, ինչպիսին Նիկոլ «մարդակերն» էր (տեսնես գիտե՞ր մարդակերի այդքան մեծ ախորժակի կարողականության մասին. կարծում ենք` ոչ), պետությունը նորմալ ռելսերի վրա թողել (Սերժի թերություններն էլ լավ գիտենք` այսօր չենք «զետեղվում» դրանց վրա), բանակցային գործընթացում բավականին լուրջ ձեռքբերումներով, մասնավորապես` Վիննա-Սանկտ-Պետերբուրգ-Ժնև պայմանավորվածություններով ժառանգել իր իրավահաջորդին, կյանքն էլ երկու պետություններում դժվար, բայց առաջ էր գնում:
Կարծելով խաղը նույնքան քաղաքակիրթ շարունակություն կունենա, նա հեռացավ` շատ լավ հասկանալով, որ դավադիր միջազգային հանրության դեմ որևէ բան անել հնարավոր չէր այդ պահին. խելամիտ նահանջները խելամիտ առաջխաղացումների ամենառեալ նախապայմանն են. ընտրությունը թողնելով ազգին ու Նիկոլ կոչվածին, գնաց:
Սխալվե՞ց: Կարծե՛ս: Մանավանդ` մասշտաբների առումով: ՈՒ հիմա, ինչպես կասեր Հրանտ Մաթևոսյանը` հայոց վարքի ձին մեր տակից փախել է. Նիկոլ կոչված չարիքը խիստ համապարփակ, պնդաճակատ, պնդակաշի ու դիվային, մարդակեր լինելուց զատ` քաղաքակրթական բոլոր սանդղակների տակից հանել է Ամենն ու Ամենքին:
Նա դիվային պայքարի մունետիկը դարձավ մեզանում. նրան խաղացրին բացառապես աստրալում` խիստ հզոր խաղացողները, ու բացառապես դիվային գործիքներով. Սերժը, կամ որևէ մեկը Հայաստանում պատրաստ չէին նման դիմագրավման: Նման ելքի: Նման պարադիգմի:
ՈՒ միտքը, որի բացատրությունը դեռ չի հնչել` «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», պետք է կարծել` սիմվոլիկ էր գունավոր հեղափոխության բոլոր սիմվոլներից առավել. զի ենթագիտակցական խոր բացվածքներից էր դուրս թռել, ու դեռ զրնգում է ցայսօր… հորիզոնական տարածականությամբ (ուղղահայաց տարածականության մասին` քիչ ներքևում), 44-օրյա սանդարամետից հետո ձեռք բերելով բոլորովին այլ նշանակություն, քան նրա մեջ դրել էր Սերժ Սարգսյանը:
(շարունակելի)
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ